ՁԵՌՔԲԵՐՈՎԻ ԲԱՅՂՈՒՇՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶԸ

By | September 29, 2013

Sutlik-vorskanՎերջին երկու ամսվա ընթացքում Հայաստանի հանրույթում լայն բանավեճեր են ընթանում մայիսի 20-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված ՀՀ «կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար  հնարավորությունների ապահովման մասին»  թիվ 57 օրենքի շուրջ: Հիշեցնենք, որ մարդկանց խիստ վրդովեցրել է օրենքի 3-րդ հոդվածը, ըստ որի «գենդերը», կամ «գենդերայինը», ձևակերպված է որպես «տարբեր սեռի անձանց` ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք», կամ դրան վերաբերող հատկանիշ:

Ավելին. Մեր կողմից կատարված հարցի ուսումնասիրությունը ի հայտ է բերել այն հանգամանքը, որ «գենդեր» նորամուծությունը է՛լ ավելի «անկեղծ» է ներկայացված թե՛ ՄԱԿ-ի «Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության» հռչակագրում, թե՛ ԵԽԽՎ «Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիման վրա խտրականության բացառման» թիվ 1728 բանաձևում: Այսպես, ՄԱԿ-ի ընդունած հետևյալ նկարագիրը ճանաչված է որպես միջազգային նորմ և լռելյայն հիմք է հանդիսանում «գենդերի» ցանկացած հիշատակումների դեպքում: Այն է. «գենդերային ինքնությունը վերաբերում է յուրաքանչյուրի գենդերային պատկանելիության ներքին և անհատական խորին զգացմանը, որը կարող են համընկնել կամ չհամընկնել ծննդյան պահին արձանագրված սեռի հետ, այդ թվում սեփական մարմնի ինքնազգացմանը (որն, ազատ ընտրության դեպքում, կարող է ներառել մարմնի տեսքի կամ դրա ֆունկցիաների փոփոխությունները՝ դեղորայքի, վիրաբուժության կամ այլ միջոցներով) և գենդերի այլ դրսևորումներով, այդ թվում՝ հագուստի, խոսքի և պահվածքի միջոցով»:

Հայտնի է, որ Հայաստանի Հանրապետության կողմից այս և նման բազմաթիվ միջազգային փաստաթղթերը ստորագրվել և հաստատվել են ժամանակին՝ առանց հարցնելու ազգին, թե արդյո՞ք նա կողմ է այս արժեհամակարգային «հեղափոխությանը» և դրա տարօրինակ դրսևորումներին: Չպետք է մոռանանք, որ համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերում սահմանված նորմերը գերակա են ՀՀ օրենքներում նախատեսված նորմերից, եթե նույնիսկ առկա է նորմի այլ սահմանում: Այս դեպքում դա նշանակում է, որ ցանկացած ՀՀ օրենքը, որը գեթ մեկ անգամ հիշատակելու է մեր լեզվի համար անհայտ «գենդեր» բառը, հիմք է ստեղծելու նաև այն էկզոտիկ փոփոխությունների համար, որոնց այսուհետ իրավամբ և օրինավոր կերպով ձգտելու են որոշ մարդիկ` համաձայն միջազգային նորմի: Կարելի է վստահաբար փաստել, որ եթե անգամ, տեսականորեն, թիվ 57 օրենքում «գենդեր» կամ «գենդերային» եզրույթը գրի առնվեր որպես ավանդական ընտանիքում կնոջ և տղամարդու իրավունքների, պարտականությունների, հնարավորությունների  սոցիալական հայեցակետ, միևնույնն է. «գենդեր» բառի օգտագործման դեպքում աներկբա գերակա էր ճանաչվելու միջազգային նորմի սահմանումը, որը գործ չունի առողջ կանանց և տղամարդկանց հետ, սակայն կոչված է առաջ տանելու այլասերումը:

Դա դեռ ամենը չէ. ՀՀ թիվ 57 Օրենքը միտված և նախատեսնված է այլասերումը որպես վարք ու կարք ընդունած անձանց իրավունքները պաշտպանելու համար: Իսկ դա նշանակում է նրանց  սեռական հարաբերությունների ազատության քարոզի պաշտպանությունը, ինչպես նաև ուղի է հարթում համասեռական ամուսնությունների օրինականացման և միասեռականների կողմից երեխա որդեգրելու համար:

Այդ է պատճառը, որ «Համահայկական ծնողական կոմիտե» նախաձեռնությունը պարբերաբար իրազեկում է ազգին և մեզ հետ ապրող եղբայրական ազգերին այս իրողությունների վերաբերյալ՝ հրապարակայնորեն, փաստարկված և առանց որևէ մեկին վիրավորելու:

Միևնույն ժամանակ, նման օրենքը առաջ տարած և դրա ընդունմանը սատարած բազմաթիվ կազմակերպություններ՝ սեփական սխալները ճանաչելու և ազգի արջև ապաշխարելու փոխարեն, շարունակում են ապատեղեկատվական գործունեությունը, փորձելով համոզել հանրույթին, որ իրենց գովազդած «գենդերը» մի բարիք է, որ նրանք բերել են հայկական հող:

1012599

Այսպես, ըստ «Կանանց ռեսուրսային կենտրոնի» տնօրեն Լարա Ահարոնյանի, ««գենդերը»՝ սոցիալական սեռն է, այսինքն` հասարակության կողմից  թելադրվող կնոջ ու տղամարդու վարքագիծն է, հասարակության մեջ նրանց դերն ու դիրքը,  հասարակության սպասելիքներն են յուրաքանչյուր սեռի  հանդեպ»:

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը սկզբունքային դիրքորոշում է հանդես բերում «գենդեր» եզրույթը օրենքում մնալու կապակցությամբ, հիմնավորելով, որ «ամբողջ աշխարհում և բոլոր երկրներում գենդերային հավասարություն է, անընդհատ չեն կրկնում տղամարդ և կին, և ասում են գենդերային հավասարություն»:

«ՊրոՄեդիա-Գենդեր»  հասարակական կազմակերպության փարձագետ Լիլիթ Զաքարյանի բնորոշմամբ  «գենդերը, դա սոցիալ մշակութային նորմերի համակցությունն է, որը հասարակությունը պարտադրում է մարդուն իր սեռին համապատասխան: Այսինքն, հասարակությունը գենդերային կարծրատիպերի հիման վրա, նորմերի հիման վրա քեզ պարտադրում է այն մոդելը, որը տվյալ ժամանակում կա կնոջ և տղամարդու համար:  Ընդ որում` գենդերը փոփոխական հասկացողություն է, փոխվում է ժամանակի և տարածության մեջ»: Եվ ավելացնում է. «տերմինների շուրջ չեն վիճում, ուղղակի պայմանավորվում են, բերեք պայմանավորվենք, որ գենդերը այն է, ինչ-որ ես ասում եմ»:

Ինչպես ասում են, մեկնաբանությունները ավելորդ են:

Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակում, երբ «գենդեր» եզրույթի իրական բովանդակությունը բացահայտված է, այս «տերմինի շուրջ պայմանավորված» գիտակ տիկնայք մեղադրում են ո՛չ թե իրենց մոլորության մեջ գցած դրսի գրանտատուներին, ո՛չ թե սեփական մտքի ծուլությունը և ո՛չ թե սեփական անտարբերությունը՝ ազգի մատաղ սերնդի բարոյականության նկատմամբ, այլ… Համահայկական ծնողական կոմիտեին՝ անգրագիտության և հասարակական կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու մեջ: Միևնույն ժամանակ, Կոմիտեի և ո՛չ մի բացահայտումը՝ միջազգային նորմերի վերաբերյալ, «գենդերի» ակտիվիստները ի վիճակի չեղան հերքելու կամ մեկնաբանելու:

Միգուցե դա՛ է պատճառը, որ ոչ թե «գենդերի», այլ նորմալ հայկական ադաթի համաձայն, ի պաշտպանություն հասարակական բանավեճը տանում տված տիկնանց, օգնության են հասել տղամարդիկ՝ հանձինս Արթուր Սաքունցի և Լևոն Բարսեղյանի: Սակայն վերջիններիս պահվածքն ու խոսքը համապատասխանեց ՄԱԿ-ի նորմին, քանի որ ճիշտ վիրավորված կանանց պես, սրանք սկսեցին գանգատվել Ծնողկոմիտեից և իր կողմնակիցներից, լացակումած հայտնելով, թե իբր վերջիններս հրապարակավ հանդես են գալիս վախի, բռնության, սպառնալիքի քարոզով՝ «գենդերային» ծրագրեր և լոբբինգ իրականացնող անձանց և կազմակերպությունների պաշտպանների հասցեին:

Գողն ասաց. «Գողին բռնի՜»: Փաստը չկա՝ լացը կա: Էլ ո՞րը ասենք:

Մինչ այդ արդարություն պահանջող տիկնայք գանգատվել են ՀՀ Ոստիկանությանը՝ Ֆեյսբուքում նկատված կոշտ խոսքերից, որ ուղղված են եղել իրենց: Տարօրինակ է անշուշտ, որ դիմում են ոչ թե Ֆեյսբուքի մեկմիլլիարդանոց հոտի գառնարած Ցուկերբերգին, որ անկեղծ գենդեր է, այլ ՀՀ ոստիկաններին, որոնց ծննդյան պահին արձանագրված սեռը միշտ համընկում է սոցիալականի հետ: Բայց ոստիկանությունը Ֆեյսբուքին ու դրա գրող-ընթերցողներին ի՞նչ անի, եթե այդ նույն տիկնանց, գենդերների և համայն վանաձորցիների հելսինքացի պաշտպան  Արթուր Սաքունցը գրում է իր ֆեյսբուքյան էջում, դիմելով երկրի նախագահին. «Դու տականք ես անիծվես դուհրապարակավ  թքել եմ քո վրա, պարզ է»: Մաքուր խուլիգանություն ու «թուղթ ու գիր» է ստացվում, որի համար մի քրեորեն պատժելի հոդված հաստատ հասնում է:

Նույն բաբոյական բայղուշությունը կրկնում է Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջը. «Ես ձեր անմեղսունակ տերը թաղեմՍերժ, լյարդդ  ո՞նց է, լյարդդ»: Սա լյարդ ուտող հաննիբալի գրարո՞ւմ է: Մի գուցե՝ Ալ-Կաիդայի տեռորիստի կոչ:

Կամ նույն հեղինակի շամանությունը. «Վովա Գասպարյանն ամեն ինչ անում է, որ մենք իրեն մոռանանք, իր համակարգի խոտակերներն ամեն ինչ անում են, որ մենք իրենց  հիշենք»

Հիմա այս հեղինակներին, որ գենդեր բայղուշ ասենք, էլի՞ պիտի վիրավորվեն և իրավապահ մարմիններին կոլլեկտիվ հայտ ներկայացնեն: Ու էլի Ծնողկոմիտե՞ն է մեղավոր լինելու, որ մարդավարի մտածել ու գրել չգիտեն: Հիմա էս պարոնայք ռեժիմի՞ զոհ են, թե՝ դաստիարակությա՞ն:

Սակայն երկրի նախագահի կամ Ոստիկանապետի հասցեին արված անհեթեթ գրառումները չեն, որ մեզ են մտահոգում, այլ այն զրպարտչական «պայծառատեսությունը», որով ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը հանդես է եկել վերջերս. «Ես ատելության խոսքը կոչում եմ մահվան քարոզ և անպայման կգտնվի մի անմեղսունակ, որը կյանքի կարող է կոչել այդ ամենը»:

Այ այստեղ խնդրում ենք դանդաղ կրկնել ու մանրամասնը բացատրել. Այս կոչն ո՞ւմ է ուղղված: Դրա իրականացումը երբվա՞ է պլանավորած և ո՞ր կատարողի (կատարողների) ձեռքերով: Այս պլանավորվող ահաբեկչության համար դարձյա՞լ գրանտ է հայտարարված: Ո՞ր երկրից է դա գալու կամ ո՞ր ցանցային կառույցից: Դուք լա՞վ եք մտածել, նման պայծառատեսությունն առոգանելուց առաջ: Եվ ի վերջո այդ բայղուշությունը բնածի՞ն է, թե՝ ձեռքբերովի:

Այնուամենայնիվ, Համահայկական ծնողական կոմիտեն ըմբռնումով է վերաբերվում վերը նշված ակտիվիստների հոգեկերտվածքին: Միևնույն ժամանակ, մենք հորդորում ենք բոլորին առավել սթափ գնահատել հայությանը և Հայաստանի Հանրապետությանը նետված նորօրյա մարտահրավերները, վեր կանգնել  հատվածական և անձնական շահերից: Սա մեր ու մեր զավակների հայրենիքն է, և ամեն ծնող պետք է անի այն ամենը, որ զավակները ամուր կանգնեն հարազատ հողին և հենվեն անփոփոխ ազգային արժեհամակարգին, ուր կինը կին է, տղամարդը՝ տղամարդ, հայրն ու մայրն էլ համարակալված չեն, ինչպես եվրոպական հերթական համակենտրոնացման ճամբարում, այլ միակն են զավակների համար՝ ծննդյան պահից մինչ գերեզման և ընտանեկան հիշատակ: Այո, մեր ազգի և երկրի առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ, և լուծման համար հրատապներից են հայ ընտանիքի պահպանումն ու ամրապնդումը, և ոչ թե՝ քայքայումը: Մենք չե՛նք հանդուրժի ո՛չ այլասերման, ոչ ահաբեկչության քարոզը:


Comments:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Hits from 1.17.2014: 1,129