Ողջույնի ԽՈՍՔ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի անունից

By | December 10, 2013

Garegin-B«ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ ԵՎ ԱՊԱԳԱՆ»

Համաժողով
7.12.2013

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդդի անունից ողջույնի ընդարձակ խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան ճեմարանի տեսուչ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը.

«Հարգելի ներկաներ

Պատիվ է Մեզ համար այսօր Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի անունից ողջունելու «Ազգային արժեհամակարգի անցյալը, ներկան և ապագան» խորագրով համաժողովը: Այս հավաքը բացահայտ վկայությունն է այն բանի, որ ազգի միասնական գիտակցությունն ու կամքը կենդանի են մեր ժողովրդի մեջ, պատրաստ արթնանալու վտանգի պարագային, ըմբոստանալու և դեմ կանգնելու ամենայն օտարամուտ, արհեստածին երևույթներին: Իրականում այս ոգուն է պարտական հայ ժողովուրդն իր համառ պայքարի հարուստ պատմությամբ:

Մեր պատմության մեջ քիչ չեն եղել դժվարությունները, բայց եղել է նաև կամք հաղթահարելու դրանք և շարժվելու առաջ: Բացառություն չէր նաև անցնող տարին իր  մարտահրավերներով, որոնց թեև միշտ չէ, որ արձագանքեցինք հրապարակավ՝ ի լուր ամենքի, սակայն դեմ եղանք և արեցինք Մեր ուժերի ներածն ու ամենայն հնարավորը, բնավ կարիք չզգալով ամբոխավարական բնույթ տալու Մայր Եկեղեցու, Հոգևոր դասի և անձամբ Մեր գործերին ու ջանքերին:

Մերազնյա յուրաքանչյուր քաղաքացու բախտն ու ճակատագիրը կարևոր են մեզ համար, դրա ապացույցն է Հայոց Եկեղեցու 1700-ամյա ուղին, որն անբաժանելի է Հայ ժողովրդի անցած մաքառումով հարուստ պատմությունից: Հայոց Եկեղեցու գերակա առաքելությունը եղել է և է հայի ինքնության անաղարտ պահպանումը, սա բոլոր ժամանակներում քաջ գիտակցել է թշնամին և իր նպատակին հասնելու համար առաջին հարվածը հենց Եկեղեցուն է փորձել հասցնել: Դեռևս Ե. դարում Պարսից Հազկերտ Բ. ջանք չէր խնայում հավատափոխ անելու Հայ ժողովրդին, քանի որ հասկանում էր, որ միայն այդ ճանապարհով կարող է նվաճել և ձուլել: Սակայն հայ իշխանները բոլոր ժամանակների համար փայլուն կերպով բանաձևեցին մեր պայքարի ուղին, ընտրելով առհավետ հավատարիմ մնալ «Մահ իմացեալ անմահութիւն» գաղափարին: Հայ Եկեղեցու քարոզը այսօր ևս տարբեր չէ, Ավարայրի քարոզից, այն նույնն է՝ երեկ, այսօր և հավիտյան:

Ամեն Հայորդու առաջընթաց և հաջողություն մեծ ուրախություն և ոգևորություն է, իսկ ցանկացած ձախողում՝ վիշտ և չսպիացող վերք Մեր սրտին, որովհետև չկա Հայ Առաքելական Եկեղեցի առանց Հայ ժողովրդի, չկա Հայ ժողովուրդ՝ առանց Հայ Առաքելական Եկեղեցու: Նույն կերպ չկա և չի կարող լինել նաև Հայ ժողովուրդ, որ հեռանում է իր արմատներից, մոռանում է իր նախնիների ավանդներն ու ավանդույթները, կրկնօրինակում ու յուրացնում է ուրիշինը, իսկ իրականում խաբվում է օտարին ու խորթին:

Կարիք, չենք տեսնում վերլուծելու կամ դիտարկելու անառողջ և հիվանդ երևակայության ծնունդ հանդիսացող, և մերթ Մեր քաղաքացիներին պարտադրվող, մերթ թաքուն և գաղտնաբար «ներարկվող» չակերտյալ «հավասարությունները», «առաջադեմ գաղափարները», օտարախորթ վարք ու բարքը, որ հրամցվում են իբրև «նոր և ազատամիտ», սակայն իրականում հին են, այնքան հին, որքան ինքը՝ անկյալ հրեշտակ Բելիարը: Դեռևս ԺԴ. դարասկզբին կեղծ լուսավորության, կեղծ առաջադիմության, կեղծ ազատության մասին Սյունյաց արքեպիսկոպոս Ստեփանոս Օրբելյանը գրում էր. «Թողե՛ք մեզ մեր «ստրուկ գերության» մեջ, իսկ մենք կանք և կմնանք աչքներս հառած երկնային այցելությանը… մենք պատրաստ ենք տանջանքների, աքսորի և բանտարկության, և ցանկացած դաժան մահով վախճանվելու հանուն մեր սուրբ նախնիների ավանդների»: Եւ դժվար թե հարկ կա որևէ բան ավելացնելու Օրբելյանի խոսքերին: Եթե մեր գիտակցության մեջ դեռ արթուն է մեր ազատատենչ անցյալի հիշողությունը, աննկուն կամքն  ու անարդարության դեմ ընդվզող ոգին, ապա ոչ մի որոգայթ կամ խոչընդոտ ի զորու չեն լինի դանդաղեցնել կամ շեղել մեր ընթացքը: Թվացյալ ժողովրդավարություն և ազատություն խոստացող կեղծ մարգարեներն իրականում եկել են ոչ թե մեզ ազատագրելու, այլ ստրկացնելու. նրանք ուզում են զրկել մեզ մեր ինքնությունից, խեղաթյուրել մեզանում հայկականը:

Սիրելի՛ ներկաներ, ողջունելով ձեր նախաձեռնությունը, Մեր լիակատար աջակցությունն ու օժանդակությունն ենք հայտնում և աղոթք ենք վերառաքում առ Աստված, խնդրելով մի բան միայն. որ անշարժ և անսասան մնանք մեր նախնյաց ավանդներին՝ ազգային դպրությանը, ազգային գաղափարին, հոգևոր-մշակութային արժեքներին, միշտ հավատարիմ մեր համառ ստեղծագործ կամքին:»


Comments:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Hits from 1.17.2014: 2,002