Հավիտենական մի հասկացություն կա` սերը:
Ինչ էլ ասեն սիրո մասին, ինչպիսին էլ որ լինեն նրա սահմանումները, միևնույն է, այն մնում է քրիստոնեական ու ոչ միայն քրիստոնեական արժեք: Այն մարդկային մեծագույն զգացմունքն է, որից հետո նոր միայն խոսում են բարոյական արժեքների մասին: Այլ կերպ ասած` եթե սեր չկա, չի կարող ոչ մի արժեք ծնվել:
Սերը վերացական մի զգացմունք չէ, սերը կյանքով ու գործով է մարմնանում` մարդ էակի հանդեպ Աստծո սերն էր, որ պատճառ եղավ Միածին Որդու մարմնացմանը, չարչարանքին, թաղմանը և Հրաշափառ Հարությանը: Խաչի վրայի գամերը չէին, որ պահում էին Աստվածորդուն, այլ մարդկության հանդեպ Նրա անհուն, անմար ու հավիտենական սերն էր բռնում Նրան:
Թերթենք մեր պատմության էջերն ու կտեսնենք, որ բազում հայ ծնողներ` քրիստոնյա ծնողներ, իրենց միակ, մինուճար զավակին մարտի դաշտ են ուղարկում` հույս չունենալով, որ այլևս եբևէ պիտի կրկին հանդիպեն ու գրկախառնվեն իրենց սիրասուն զավակին: Այս երևույթը խենթություն չէ, այլ սեր` հանդեպ հայրենի օջախն ու հայերնի տունը, հանդեպ Հայրենիքը:
Մարդկային սահմանափակ մտքի համար տարօրինակ է <<Սիրեցէ°ք զթշնամին ձեր>>, այսպիսի զգացումը խորթ է մեզ և անսովոր մեր ականջների համար: Ինչպիսի սեր է պահանջվում, որ տանջանքի ժամանակ, ներես քեզ տանջողին և ավելին` սիրես նրան: Սակայն, սիրելիներ, առօրյա մեր կյանքը լի է տարատեսակ օրինակներով, երբ մարդ սիրում է ինչ-որ իր, առարկա` հագուստ, մեքենա, արդուզարդ, ի՞նչ է անում…. Տիվ և գիշեր քրտնաջան աշխատում է` այն ձեռք բերելու համար, ապա ունենալուց հետո, միշտ իր ուշադրության կենտրոնում պահում այն:
Ուստի պիտի սիրենք ամենքին, սերը նմանեցնելով արևի ծագմանը, որ հավասարապես ծագում է թե° մեղավորների և թե° արդարների, թե° ընկերների և թե° թշնամիների վրա: Քրիստոնեական սիրո այսպիսի ընթացքն ամաչեցնում է մեր թշնամիներին, նրանց ետ դարձնում իրենց չարությունից: Սուրբերի վարքերը լի են այդպիսի օրինակներով, երբ նրանք իրենց սիրով քաղաքներ և մարդկանց բազմություններ են դարձի բերել:
Աստված հզոր մի զենք է տվել մեզ` ՍԵՐ, մենք պիտի վարժվենք այն գործածելու մեջ:
Կազմել է Արամ Հովակիմյան