Բռնությունը չի լինում ընտանեկան, կամ «ընտանեկան բռնության» հաղթարշավը Հայաստանում

By | December 12, 2016

Բռնությունը չի լինում ընտանեկան

կամ «ընտանեկան բռնության» հաղթարշավը Հայաստանում

 1535658_213811775473090_1613561468_n

Սույն հոդվածով կփորձենք բացահայտել մարդկանց «ուղեղների լվացման» համապատասխան  տեխնոլոգիաները և «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքում առկա այն ծուղակները, որոնք, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես և Հայաստանում ուղղված են քայքայելու ընտանիքի ինստիտուտը, նպատակ հետապնդելով երկրում ստեղծել ատոմիզացված հասարակություն:

Փաստենք, որ Հայաստանում «ընտանեկան բռնությունների» թվաքանակը վերջին տարիների ընթացքում անընդհատ աճում է:

Առաջանում է բնական հարց. այդ ինչո՞ւ է աճում «ընտանեկան բռնության» դեպքերը, եթե Հայաստանը հեղեղված է ոչ միայն «ընտանեկան բռնության» դեմ «պայքարող» հասարակական կազմակերպություններով, այլև տարեց տարի «կյանքի են կոչվում» բազում պետական ծրագրեր, որոնցով պատկան մարմինները ևս համառորեն պայքարում են «ընտանեկան բռնության» դեմ:

Թերևս, այստեղ ամենաուշագրավը «ընտանեկան բռնություն» կոչվող բառակապակցությունն է, որը վերցված է որպես թիրախ, և որի դեմ իրականում գնում է իբր համատարած պայքար:

Փաստենք, որ բռնությունը արարք է, որն իրականացնողը, անկախ իր անձնական հատկանիշներից, կատարման վայրից և բռնության ենթարկած անձից, պետք է պատժվի: Ուստի «ընտանեկան բռնության» դեմ իրական պայքարը նախ պետք է կոչվի «պայքար բռնությունների դեմ, որոնք տեղի են ունենում նաև ընտանիքներում»: Սակայն, չգիտես ինչու,  այդպիսի պայքար Հայաստանում չի ծավալվում, փոխարենը իրականացվում է «ընտանեկան բռնության դեմ» պայքար, որը հոմանիշը չէ բռնությունների դեմ պայքարին, որտեղ էլ որ այն տեղի ունենա:

«Ընտանեկան բռնության դեմ» պայքարն իրականում ուղղված է մարդկանց մոտ ստեղծելու այնպիսի պատրանք, թե իբր ընտանիքը բռնության որջ է, իսկ ցանկացած ամուսին` բռնակալ: Ասվածի ապացույցն այն է, որ բավական է մեկ բռնության դեպք արձանագրվի որևէ ընտանիքում և համապատասխան ՀԿ-ները կլծվեն շեփորահարելու համայն Հայաստանով, որ տեղի է ունեցել հերթական «ընտանեկան բռնությունը», ԶԼՄ-ները մի քանի օր անընդհատ կլուսաբանեն այն, իսկ հիվանդագին երևակայությամբ որոշ վայ մտավորականներ այն կդարձնեն դարի մեծագույն ողբերգություն, նշելով, որ այդպիսի դեպքեր Հայաստանում տեղի են ունենում ամեն օր, և, կարծես թե, հաճույք կստանան այդ ապատեղեկատվության տարածումից:

Ցավով պետք է արձանագրել, որ «ընտանեկան բռնության» դեմ պայքարը տալիս է ակնկալվող «արդյունքները», քանզի յուրաքանչյուր տարի ավելանում են այդ բռնությունների դեպքերը: «Ընտանեկան բռնության» դեմ պայքարող հայաստանյան ՀԿ-ների աշխատանքը ֆինանսավորող միջազգային բազում կազմակերպություններ կարող են արձանագրել իրենց որոշակի հաջողություններն այս ասպարեզում:

Ըստ մեր արժեհամակարգի, ընտանիքը սիրո հենքի վրա զույգերի կամավոր միություն է, խասխված «ՏԵՐ ԵՄ» և «ՀՆԱԶԱՆԴ ԵՄ» ուխտի վրա:

Բռնությունները, որոնք առաջանում են ընտանիքներում հետևանք են բազում պատճառների՝ անհավատության, ընտանեկան սիրո պակասի, սոցիալական ծանր վիճակի, զանգվածային լրատվամիջոցներով  համատարած բռնության քարոզի, հատկապես հայկական արտադրության սերիալներում, ծայրահեղ ծանր վիճակում հայտնված ընտանիքների նկատմամբ պետության կողմից ուշադրության բացակայության, բարեգործության պակասի, մարդկանց աշխարհընկալման խեղաթյուրման, նյութապաշտության մոլուցքի, դաստիարակության պակասի, պետական պատկան կառույցների անգործության և այլն և այլն:

Սակայն, չգիտես ինչու, բռնությունը, որը տեղի է ունեցել որևէ ընտանիքում, ցավի, օգնության, կարեկցանքի փոխարեն, դառնում է մատի փաթաթան ՊԱՅՔԱՐՈՂ ՀԿ-երի և մազոխիստ որոշ  «մտավորականների» համար:

Ցույցեր և հեռուստաշոուներ, ճոխ սեղաններով քննարկումներ և կոնֆերանսներ, ֆիլմեր և գրքեր, դատավորի և դահիճի կարգավիճակին հավակնող բազում անհատներ՝ հիվանդ և առողջ, և այս ամենը դեռ մի փոքր մասն է այն «իրականության», որով տարվում է անմնացորդ պայքար ընդդեմ «ընտանեկան բռնության»:

Ստեղծվում է տպավորություն, որ այս պայքարի որոշ «առաջամարտիկները», զրկված են ընտանեկան սիրուց և ուրախությունից, վիշտը լռությամբ և արժանապատվությամբ կրելու շնորհքից, առանց ցցվելու օտարին դժբախտության ժամին անշահախնդիր օգնություն ցուցաբերելու կարողությունից, քանզի այս ամենը իրենց համար պարզապես բիզնես պրոյեկտ է, «տուն պահելու» միջոց, այլոց դժբախտության հաշվին, կամ էլ արևմուտքին շուստրիությամբ «հիմարացնելու և գցելու» գործելաոճ:

Սեր, կարեկցանք, օգնություն, հույս, հավատ տալու փոխարեն, առավոտից ուշ երեկո, աջ ու ձախ «ՊԱՅՔԱՐԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ» բղավում են «ընտանեկան բռնություն», «ընտանեկան բռնություն», «ընտանեկան բռնություն»… կարծես թե իրենց համար մոգական այս բառերը արտասանելուց հետո ամեն ինչ կկարգավորվի:

«ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ» համար «ընտանեկան բռնություն» կոչվածը «կանաչի փայլով արժեք» ունեցող կարգախոս է ընդամենը, որի մասին շեփորահարումը և «պայքարը» արդեն իսկ հակագովազդ է, քարոզչական մշակված տեխնոլոգիա, որի կիրառումը բազում եվրոպական երկրներում «ընտանեկան բռնության» կտրուկ աճ է արձանագրել:

Հարկ է նշել, որ միգուցե «ընտանեկան բռնության» դեմ պայքարող հայաստանյան ՀԿ-ները ոչ միշտ են գիտակցում, թե իրականում ո՞ւմ և ի՞նչ նպատակի են ծառայում: Այս տեսանկյունից նրանք նույնպես զոհեր են մի քարոզչական համակարգի, որի հեղինակները իրենք չեն և միգուցե չեն էլ պատկերացնում, թե ինչ իրական նպատակներ են հետապնդում «ընտանեկան բռնության» դեմ պայքարի գաղափարաբանությունը:

Անցնելով հատուկ պատրաստված դասընթացներով կամ ‹‹թրեյնինգներով››, նրանք համոզված են, որ վերացնելով բռնության հետևանքը, օգնում են հասարակությանը: Սակայն հետևանքի հետ աշխատելը, չի նշանակում վերացնել պատճառը: Այսինքն` պայքարն «ընտանեկան բռնության» դեմ, բացարձակապես ուղղված չէ բռնությունների պատճառը վերացնելուն: Իսկ պատճառը նաև հասարակության մեջ անառողջ մթնոլորտն է` բռնության և անբարոյականության լայնածավալ և համատարած քարոզչությունը:

1522668_214506382070296_280007858_o

Հարկ է նշել, որ իրականում հիշյալ ՀԿ-ների աշխատանքն անուղղակի միտված է «ընտանեկան բռնության» դեպքերը քարոզչության միջոցով ավելացնելուն:

Պարզ տրամաբանությունն ասում է, որ օտարերկրյա ֆինանսավորմամբ կազմակերպությունները չեն ֆինանսավորվի և չեն կարող գործունեություն ծավալել, եթե բռնության դեպքերի քանակը ընտանիքներում կտրուկ նվազի կամ այն չլինի:

Հայաստանում առկա է օտարերկրյա ֆինանսավորմամբ ստեղծված մի ամբողջական համակարգ, որն ուղղված է ‹‹օգնելու և փրկելու ընտանեկան բռնության զոհերին››: Այդ կազմակերպություններում աշխատում են նաև հոգեբաններ և իրավաբաններ: Պարզ է, որ ոչ ոք շահագրգռված չէ կորցնել իր աշխատատեղը, որն ուղղակիորեն կախված է կատարված «ընտանեկան բռնությունների» քանակից:

Խոսելով երեխաների մասին կրկին անգամ փաստենք, որ երեխաների լավագույն պաշտպանները նրանց ծնողներն են, հետևաբար օգնելով ծնողներին կապահովենք նաև երեխաների բարեկեցիկ կյանքը և որպես վերջնական արդյունք կնպաստենք նաև ընտանիքների միասնության և ամրության ամրապնդմանը։ Եթե ուզում ենք օգնել երեխաներին, ապա պետք է օգնենք նրանց ծնողներին։

Այս իմաստով անհասկանալի է երեխաներին ընտանիքներում բռնություններից պաշտպանելու մի շարք կազմակերպությունների և որոշ միջազգային կառույցների «ձգտումը», առավել ևս, որ այդ կազմակերպությունները այլասերված պատկերացումներ ունեն ընտանիքի ինստիտուտի մասին։ Այդ կազմակերպությունները «բռնություն» հասկացությունը նույնպես յուրովի են սահմանում և մեկնաբանում, ելնելով իրենց սեփական արժեքային համակարգից։

Ումի՞ց են ուզում պաշտպանել երեխաներին ընտանիքում, իրենց ծնողների՞ց։ Այդ տրամաբանությամբ ստացվում է, որ իսկզբանե ծնողները դիտարկվում են, որպես պոտենցիալ բռնարարներ, որոնց պետք է մշտապես պահել հսկողության ներքո, որպեսզի երեխայի նկատմամբ բռնության դեպքում վերջինիս մեկուսացնել իրենցից, նրան «պաշտպանելու» պատճառաբանությամբ։ Նման մոտեցումը մեղմ ասած անտրամաբանական է։

Արդյունքում, երեխաներին օտարելով ընտանիքներից բռնություններից պաշտպանելու քողի ներքո ընտանիքներ մուտք գործելու հնարավորություն են ստանում: Մեր զավակների նկատմամբ, ըստ իրենց, մեզանից ավելի հոգատար հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, սոցիալական աշխատողները, որոնք երեխաներին տեղափոխում են ապաստարաններ, որտեղից ավելի դյուրին կերպով երեխաներին կարող են օգտագործել հանցավոր նպատակներով։

Իսկ այժմ ներկայացնենք մի տեսանյութ, որտեղ բացահայտվում են օրինագծի հետ կապված վտանգները


Comments:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Hits from 1.17.2014: 11,159